AM
15 February 2005 - 13:42 AMT

ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԶՂՋՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿՏԻԿԱ

Ռամիլ Սաֆարովի զղջումը կատարվածի նկատմամբ ոչ այլ ինչ է, քան պաշտպանության տակտիկա, «» կայքում օն-լայն հարցազրույցի ժամանակ հայտնել է Բուդապեշտի դատարանում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով` նման ձեւով փաստաբանները ձգտում են մեղմացնել պատժամիջոցը: Հետաքննության տվյալներով` արդեն անշունչ Գուրգեն Մարգարյանին հասցվել է 15 հարված: Ադրբեջանական կողմը դատարանին է ներկայացրել Սաֆարովի` իբրեւ թե սպանված եւ անհայտ կորած հարազատների ցուցակը, որում չի եղել ոչ մի Սաֆարով ազգանուն: Այն բանից հետո, երբ ցուցակը կարդացվել է դատարանում, դատավոր Անդրաշ Վասկուտին խնդրել է դատարանին չներկայացնել գործին չառնչվող նյութեր: Ինչ վերաբերում է Սաֆարովի հոգեկան վիճակի մասին հունգարական փորձագետների եզրակացությանը չհամաձայնվելուն, ապա պաշտպանությունն այդ հարցում կարծես երկու կրակի արանքում է հայտնվել: Փորձագետների եզրակացության համաձայն` Սաֆարովը հանցագործությունը կատարելու պահին հանցագիտակ եւ առողջ է եղել: Եզրակացության մեջ ասվել է նաեւ, որ Սաֆարովը կամակոր է, ուրիշի ազդեցության տակ հեշտությամբ ընկնող, ներշնչվող, եւ որ ամենակարեւորն է` նրա մտավոր զարգացածությունը միջին դպրոցի մակարդակից ցածր է գտնվում (չնայած այն բանին, որ նա ավարտել է մի քանի ռազմական կրթական հաստատություններ Ադրբեջանում եւ Թուրքիայում): Այսպիսով, մի կողմից հրաժարվելով փորձաքննության տվյալներից` պաշտպանությունը փորձում է ամեն կերպ Սաֆարովին ներկայացնել որպես ցնցում ապրած եւ մանկության ժամանակ տեսածի տպավորության տակ գտնվող մարդ: Փորձագետները մատնանշել են, որ նման հանցագործություն կատարելու համար մանկության ոչ մի ապրում չի կարող լուրջ ազդեցություն ունենալ: Մյուս կողմից պարզ է, որ Սաֆարովը, եւ դա արդարացիորեն մատնանշել են հունգարացի փորձագետները, լինելով սպա, բազմիցս բժշկական հետազոտություն է անցել հայրենիքում: Պաշտպանության նման քայլը իր դեմ է լարել հունգարական փորձագետներին, որոնք վրդովված մատնանշել են իրենց 30-ամյա փորձը` հայտարարելով, որ եթե ինքը Հռոմի Պապը ներկա գտնվի թեստավորմանը, ապա ոչ մի ազդեցություն չի ունենա թեստավորման եւ դրա արդյունքների վրա: «Համաձայնվեք, եթե առաջին թեստավորումից հետո, որը կատարվել է հանցագործություն կատարելուց 4 օր հետո, փորձագետները որոշում են կայացրել հանցագիտակ լիելու մասին, ապա դժվար թե նրանք կարող են ուրիշ եզրակացություն ներկայացնել այժմ` ճանաչելով Սաֆարովին ոչ հանցագիտակ: Այնպես որ պաշտպանության կողմից պնդած երկրորդ թեստավորումը գործընթացում ոչինչ չի փոխի», -ասել է Հ.Դեմոյանը: