AM
21 February 2005 - 14:17 AMT

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՂԱՂԱԿՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՏՔՈՎ ԱՆԳԱՄ ՉԻ ԱՆՑԵԼ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցի կապակցությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում այդ հրեշավոր ոճրագործությունը ոչ միայն չի դատապարտվել, այլեւ, ընդհակառակը, հանցագործը հռչակվել է ազգային հերոս: Իսկ ժողովրդավարական եւ մարդասիրական արժեքների մասին աղաղակող Ադրբեջանի իշխանությունների մտքով անգամ չի անցել ներողություն խնդրել կատարվածի համար: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը Բուդապեշտում կատարվածն ու Ադրբեջանի իշխանությունների նման դիրքորոշումը գնահատում է որպես Ադրբեջանի հակահայկական եւ ռազմատենչ քարոզչության արդյունք, որը հետեւողական բնույթ է կրում: Նման քաղաքականությունն անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծում հակամարտող կողմերի ժողովուրդների միջեւ, ինչը մեծ վնաս է պատճառում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ սպառնում է տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը: Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանի նման կեցվածքը, հանցագործին հերոսի վերածելու նրա ձգտումը եւս մեկ անգամ վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ոչ միայն ազգերի ինքնորոշման հարց է, այլեւ` ԼՂՀ ժողովրդի գոյատեւման հարց, ինչն ինքնին պետք է նախապայման լինի հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակի համար: ԼՂՀ պաշտպանության բանակը տարածաշրջանային կայունության կարեւոր երաշխավոր է եւ միջազգային խաղաղապահ ուժերի բացակայության պայմաններում զսպող գործոնի դեր է կատարում Ադրբեջանի ստեղծած լարվածության եւ հակամարտության գոտում: Այդ առաքելության հաջող իրականացման համար ԼՂՀ պաշտպանության բանակն այսուհետեւ էլ կբարձրացնի իր մարտունակությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում պաշտպանի ինչպես իր անկախությունը, այնպես էլ տարածքային ամբողջականությունը, ընդգծվում է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ: