Փետրվարի 24-ին Վենայում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունը հարց կբարձրացնի Մինսկի խմբի գործունեությունում փոփոխությունների վերաբերյալ: Բացի այդ, նստաշրջանում կքննարկվի ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի օրակարգը: «Մենք ցանկանում ենք, որ ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի պաշտոնական քննարկմանը Վաշինգթոնում բարձրացվեն Լեռնային Ղարաբաղին, փախստականներին եւ տեղահանվածներին, ինչպես նաեւ Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացմանն առնչվող հարցեր: Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսզի այդ հարցերն ընդգրկվեն վաշինգթոնյան նստաշրջանի օրակարգում»,- հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի մշտական պատվիրակության անդամ Ռաբիյեթ Ասլանովան: Բացի այդ, նստաշրջանում ակնկալվում է Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Հորան Լենմարքերի հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի վերաբերյալ զեկույցի քննարկումը: Ռ.Ասլանովան տեղեկացրել է, որ «զեկույցում կան բազմաթիվ անորոշ ձեւակերպումներ, եւ այդ փաստաթուղթը դժվար է գնահատել միանշանակ»: