AM
24 February 2005 - 12:43 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՃԱՐԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԴԵՆ ԲԱՐԹՈՆԻՆ ՆՐԱ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ

Ադրբեջանի կառավարությունը վճարել է ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթոնին` նրա հակահայկական հայտարարության դիմաց, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսում Ինդիանա նահանգի ներկայացուցիչ, միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Դեն Բարթոնն օրերս կոնգրեսին կոչ էր արել ճանաչել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը»: Կոնգրեսականի կարծիքով, «ճանաչելով Խոջալուի ցեղասպանությունը, ԱՄՆ Կոնգրեսը դրանով իսկ կհալեցնի տվյալ հարցի շուրջ միջազգային հանրության երկար տարիների լռության սառույցը»: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ներկայացուցչի խոսքերով, Բարթոնի հայտարարությունը կապված է այն փաստի հետ, որ ճիշտ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի կառավարությունը վարձել էր նախկին կոնգրեսական, իր թուրքամետ հայացքներով հայտնի Լիվինգսթոնի լոբբիստական կազմակերպությունը` Կոնգրեսում ադրբեջանանպաստ լոբբինգ անցկացնելու նպատակով: Դիվանագետը հիշեցրել է Կոնգրեսում Հայաստանին աջակցող 140 հոգանոց խմբի մասին, որի անդամները «հայօգուտ գործունեություն են վարում ոչ թե փողի դիմաց, այլ այն պատճառով, որ իրոք Հայաստանի բարեկամն են»: Դեն Բարթոնը վաղուց ի վեր հայտնի է որպես ԱՄՆ Կոնգրեսի առավել թուրքամետ անդամներից մեկը: «Նա բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանության փաստը հերքող հայտարարություններով, իսկ Բարթոնը պատմական իրողություններից հեռու մարդ է: Նրա արած հայտարարությունը չի կարելի համեմատել Հայաստանին աջակցող խմբի գործունեության հետ», – հայտարարել է դեսպանության ներկայացուցիչը: