Ղարաբաղյան հակամարտության կարգավորմնա մեջ պետք է լինի «ոչ ոքի», որպեսզի սերունդները չտառապեն ռեւանշի բարդույթով: Այս մասին «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով` այս դար տեւող մրցակցության մեջ չպիտի լինեն ո՛չ հաղթողներ, ո՛չ պարտվողներ: Այն, ինչ արդեն տեղի է ունեցել Ադրբեջանում եւ Հայաստանում, Նախիջեւանում եւ Լեռնային Ղարաբաղում, առանց արյան «չի վերախաղարկվի»: «Սակայն արագ կարգավորումը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս մարտերի ընթացքում գրավված տարածքների ազատագրումը: Նավթի հոտը վերացնել չի լինի: Սակայն դա չէ, որ պետք է որոշի մի ամբողջ տարածաշրջանի բնակչության ճակատագիրը»,- նշել է Վլադիմիր Կազիմիրովը: Նա վստահություն է հայտնել, որ ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների մեծ մասը ոչ միայն հավանություն չեն տա նոր արյունահեղության մեղավորների գործողություններին, այլեւ ավելի կոշտ դիրքորոշում կընդունեն: Օրինակ` նույնիսկ Աթկինսոնն է նշել, թե ինչ դիրքորոշում կունենա Եվրախորհուրդը: Խոսելով ԵԽԽՎ նիստում Լեռնային Ղարաբաղի մասին բանաձեւի քննարկման ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչների պահվածքի մասին` ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ ԵԽԽՎ ռուսաստանցի պատգամավորներն իրենց կառավարությունից հրահանգներ չեն ստանում: Շատ բան կախված է նրանց սեփական իրազեկությունից, «գրագիտությունից» եւ քննարկվող հարցն ընկալելուց: Սակայն Ղարաբաղյան հակամարտության մասին Ռուսաստանի քաղաքական շրջանակները գիտեն եվրոպացիներից ոչ պակաս, բացի այդ, ՌԴ-ի դերը դրա կարգավորման գործում բարոյապես պարտավորեցնում էր նրանց լինել ակտիվ եւ օբյեկտիվ: Նրա խոսքերով` պետք չէ հասկանալ, թե նրանք այնտեղ պետք է պաշտպանեին հայկական կողմի շահերը. դրա համար այնտեղ էին մեկնել Հայաստանի պատվիրակները: Սակայն պարտավոր են պատրաստվել, կողմնորոշվել հակամարտության ընթացքի եւ էության, նրա պատճառների եւ հետեւանքների ընկալման, մեկը մյուսից տարբերելու հարցում: «Մոսկովյան թերթերում ես արդեն քննադատել եմ նրանց` իրենց պասիվության եւ նույնիսկ սեփական շահերը պաշտպանել չկարողանալու համար: Չեմ ցանկանում կրկնել: Ես դա պետք է անեմ Մոսկվայում, այլ ոչ թե «արտահանման համար»,- եզրափակել է Վլադիմիր Կազիմիրովը: