Լինելու է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կամ Հայաստանի կազմում, թե անկախ պետություն` պետք է որոշեն կողմերը բանակցությունների սեղանի շուրջ, իսկ եթե չկարողանան, ապա որոշում կկայացնի տեղի բնակչությունը` ամենաժողովրդավար ճանապարհով: Այս մասին «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով` 1991-ին Լեռնային Ղարաբաղում խորհրդային օրենքներով անցկացված հանրաքվեի արդյունքները չճանաչելը` դրանցում ադրբեջանական համայնքի չմասնակցելու պատճառաբանությամբ, տապալված մոտեցում է, քանի որ Բաքուն ինքն էր ադրբեջանական համայնքին արգելել մասնակցել հանրաքվեին: «Կա լուրջ, սակայն շատ բարդ մի հարց: Եթե Լեռնային Ղարաբաղում պահանջվի նոր հանրաքվե անցկացնել, կարելի կլինի՞ այն անցկացնել առանց մի քանի տասնյակ հազար ադրբեջանցի ընտրողների: Դա բազմակողմանի մտորումների տեղիք է տալիս: Չնայած, մյուս կողմից, Նախիջեւանում եւ Ադրբեջանի այլ շրջաններում կանոնավոր ընտրություններ են անցկացվում` այնտեղ մեծ տոկոս կազմող նախկին հայ ընտրողների բացակայությամբ»,- նշել է նա: Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերի հարաբերակցության մասին հարցին` Վլադիմի Կազիմիրովը նշել է, որ չի կարող մասնագիտացված դատել ուժերի ներկայիս հարաբերակցության մասին, սակայն ենթադրում է, որ կողմերից ոչ մեկն էլ չունի կամ դժվար թե մոտ ժամանակներս այնպիսի առավելություն ունենա, որը հնարավորություն կտա ակնկալել ուժային գործողության արագ եւ էական հաջողություն: Հրադադարը տեւում է մոտ 11 տարի, իսկ կայուն խաղաղության հեռանկարներ այդպես էլ չկան: «Մեծ պետությունների» մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը շատ քաղաքագետների «սիրելի զավակն» է եւ տղայական «փաստարկ» ինչպես ռազմական անհաջողությունները, այնպես էլ բանակցային գործընթացում կողմերի ոչ ճկուն պահվածքն արդարացնելու համար: Իբր, մենք ամեն ինչ կհարթեինք, սակայն մեզ խանգարում են մեծ քեռիները»,- ընդգծել է Վլադիմիր Կազիմիրովը: Ընդսմին նա նշել է, որ զինադադարի 11 տարին դժվար թե կարելի է խաղաղ գոյակցության ժամանակաշրջան համարել: Նրա խոսքերով` չի լուծվել գլխավոր հիմնախնդիրը` Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, չի վերացվել Ադրբեջանի մի շարք շրջանների գրավման չարորակ ուռուցքը, կողմերը մարզում են մկանները, իսկ ոմանք էլ անընդհատ սպառնում են վճարել «ցանկացած գին»: Ոչ մի համագործակցություն չկա, չկան նույնիսկ հստակ բանակցություններ: Ռազմական գործողությունների բացակայությունը «խաղաղ գոյակցություն» չէ: Այդ ստատուս-քվոն թերարժեք է բոլոր կողմերի համար, պահանջում է փոփոխություններ, սակայն` խելքով, այլ ոչ թե ուժային ատավիզմներով. դա չի կարելի թույլատրել, ավելացրել է նա: