2012-ի սեպտեմբերի 24-ին ժամը 11:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունենալու Համաբանակային 15-րդ սպարտակիադայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ պաշտպանության նախարար ՍեյրանՕհանյանը: Հանդիսավոր բացմանը մարզադաշտ կբերվի և առաջին անգամ կներկայացվի Սպարտակիադայի դրոշը:
«ՀՀ ԶՈՒ Համաբանակային սպարտակիադայի դրոշը» այսուհետ կբարձրացվի ՀՀ ԶՈՒ հետագա բոլոր սպարտակիադաների ժամանակ: Դրոշն առաջին անգամ կներկայացնեն և մարզադաշտ կմտցնեն ֆիզիկական պատրաստության բաժնի հիմնադիրները` պահեստազորի գնդապետ Ն. Եղոյանի գլխավորությամբ: «Համաբանակային 15-րդ սպարտակիադայի դրոշը բարձրացնելու պատիվը տրվում է ԱՊՀ մասնակից պետությունների 9-րդ սպարտակիադայի մրցանակակիրներին: Մինչ մրցումների մեկնարկը, պաշտպանության նախարարի կողմից մրցանակներ ու պարգևներ կստանան 2012թ. ընթացքում մարզական բարձր ցուցանիշների հասած զինծառայողները: Համաբանակային 15-րդ սպարտակիադայի հանդիսավոր բացումը կեզրափակվի համերգային ծրագրով: Համաբանակային սպարտակիադան անցկացվում է 3 փուլով` ներզորամասային, ներկորպուսային, համաբանակային:
Մրցումներին մասնակցում են ժամկետային պարտադիր զինծառայողները, սպաները և ենթասպաները (բացառությամբ մինչև վեց ամիս ծառայած պայմանագրայինները):
Մրցումները կընթանան հետևյալ մարզաձևերով` ռազմամարզական քառամարտ, ռազմամարզական եռամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 74» ինքնաձիգից, բազկամարտ, ուժային եռամարտ, կշռաքարերի բարձրացում (երկամարտ, 24 կգ), շվեդական փոխանցումավազք, պարանի ձգում, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:






