Բացի ներդրումների ներգրավումից, Ռուսաստանի արտասահմանյան ձեռնարկությունների հաստատուն գործելն եւ զարգացումն ապահովելու գլխավոր խնդիրը բարենպաստ տնտեսական պայմանների ստեղծումն է, մաքսային, հարկային եւ այլ սահմանափակումների վերացումը, որոնք հանգեցնում են նրան, որ իրենց կողմից արտադրվող արտադրանքը մրցակցության ընդունակ չի լինում ներքին եւ արտաքին շուկայում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն, տեղեկացնում է ՌԴ էներգետիկայի նախարարությունը: Նրա խոսքերով` ռուսաստանյան ղեկավարող ընկերությունների եւ ՌԴ-ի սեփականությանը հանձնված հայկական ձեռնարկությունների փոխգործակցությունը կարգավորող կոնկրետ մեխանիզմների, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի կողմից պետական աջակցության միջոցների եւ կարգի համակարգի մշակումը` ծրագրի իրականացման տնտեսական արդյունավետության ապահովման նպատակով համարվում է օրակարգի առաջնահերթ խնդիրներից մեկը: Դրա համար ստեղծվում են նախադրյալներ: Այսպես, պատրաստվել է միջկառավարական համաձայնագիր` ռազմա-տեխնիկական երկկողմ համագործակցության ընթացքում օգտագործվող եւ ստացվող մտավոր գործունեության արդյունքների իրավունքի փոխպահպանման մասին: Անհրաժեշտ է արագացնել դրա համաձայնեցման եւ ստորագրման ներպետական պրոցեդուրաները, նշել է Վ. Խրիստենկոն: 2005 թվականին եւ հաջորդող տարիներին կորոշվեն ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի արտադրման համար անհրաժեշտ հումքի, նյութերի եւ կոմպլեկտավորող արտադրանքի երկկողմ մատակարարումների իրականացման մաքսային ձեւակերպումները: Փոխադարձ մատակարարումները իրականացվում են Ռուսաստանի (Ռուսարդ) եւ Հայաստանի (առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն) կողմից համաձայնեցված արտադրանքի ցուցակներով` 1994 թվականի մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ ստորագրված արդյունաբերության ռազմական ոլորտների արտադրական եւ գիտա-տեխնիկական կոպերացիայի ձեռնարկությունների մասին համաձայնագրի շրջանակներում: Ցուցակներով մատակարարվող արտադրանքը չի լիցենզավորվում: Կողմերն ազատում են ցուցակավորված ապրանքները մաքսային հարկերից ինչպես ՌԴ, այնպես էլ ՀՀ տարածքներում: Իրականացվում է նաեւ մատակարարվող արտադրանքի ընդունումը ռազմական ներկայացուցիչների կողմից: Վերոհիշյալ հարցերի լուծումը թույլ կտա հետագայում եւս էլ ավելի ամրապնդել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական եւ տնտեսական կապերը, եզրափակել է Վ.Խրիստենկոն: