Հոկտեմբերի 4-5-ին Սարաևոյում ՈՒԵՖԱ-ն կանցկացնի առաջին սեմինարը` նվիրված կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը:
Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաքում հանդիպման են հրավիրվել ՈՒԵՖԱ-ի բոլոր 53 ասոցիացիաների ներկայացուցիչները: Սեմինարն անցկացվում է KISS ծրագրի շրջանակներում, որը թույլ է տալիս ազգային ֆեդերացիաներին փորձով և գիտելիքներով փոխանակվել կարևոր ոլորտներում և դրանով հանդերձ նպաստել Եվրոպայում ֆուտբոլի ընդհանուր բարեկեցությանը:
Հանդիպման նպատակն է հստակ որոշել, թե ինչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և ինչպիսին է նրա նշանակությունը ժամանակակից մենեջմենթում, որտեղ այն սկսում է խաղալ ավելի կարևոր դեր: Սարաևոյում հանդիպմանը մասնակիցները կգնահատեն, թե ինչպես են այդ միտումները շոշափում ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաներին:






