ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը դիմել է ներկայումս Լեռնային Ղարաբաղում գտնվող երեք ադրբեջանցի ռազմագերիների` ԿԽՄԿ աջակցությամբ հայրենադարձությունը արագացնելու խնդրանքով եւ հետաքրքրվել է համապատասխան գործողությունները արագացնելու հնարավորությամբ, գրում է Բաքվի «էխո» թերթը: Կազիմիրովի խոսքերով, իրեն ասել են, որ փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղում հայտնված ռազմագերիներ Ռուսլան Բաքիրովի, Խիքմեթ Թաղիեւի եւ Խայալ Աբդուլլաեւի հետ դեռեւս քննչական գործողություններ են տարվում: Պարզվել է, որ միջազգային կոնվենցիայի դրույթներից բացի, հակամարտության կողմերի միջեւ կար, եւ մինչեւ վերջերս գործում էր գերիներին սեղմ ժամկետներում վերադարձնելու մասին փոխըմբռնումը: «Ռազմագերիների հայրենադարձության գործընթացի արագացմանը ներկայումս հազիվ թե նպաստում են շփման գծում զինված միջադեպերը, որոնք մարդկային զոհերի պատճառ են հանդիսացել: Բացի այդ, նշվում է, որ վերջերս ադրբեջանական կողմը, չնայած միջազգային հումանիտար իրավունքի նորմերին եւ այդպիսի անձանց շուտափույթ վերադարձի մասին նախկին փոխըմբռնմանը, ժամանակին տեղյակ չի պահել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին մի քանի հայերի (Արիստակես Մարտիրոսյան, Գեւորգ Խլղաթյան եւ Եղիա Հունանյան) գերի վերցնելու մասին` ավելի քան երկու ամիս պահելով նրանց իր մոտ` 2004 թվականի նոյեմբերի 25-ից մինչեւ 2005 թվականի հունվարի 28-ը»,- հայտարարել է Կազիմիրովը: Դիվանագետը հույս է հայտնել, որ հակամարտության կողմերը կհետեւեն բոլորի կողմից ընդունված միջազգային նորմերին եւ կընդօրինակեն միմյանց վարվելակերպի լավ, ոչ թե վատ օրինակները: Հայտնի է, որ ադրբեջանցի զինծառայողների շուտափույթ հայրենադարձության խնդրանքով դիմել է նա- ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը: Հայրենադարձության կոնկրետ ժամկետը կախված կլինի նա- ԿԽՄԿ աշխատակազմի հնարավորություններից: Ըստ ամենայնի, դա տեղի կունենա ապրիլի 10-ին, գտնում է Կազիմիրովը: