Երևանյան «Միկան» իսրայելական Էյլաթում շախմատի Եվրոպայի Գավաթի կանանց մրցաշարի 5-րդ տուրում վստահ հաղթանակ է տարել: Այս այս անգամ «Միկան» 3:1 հաշվով հաղթել է «Նաշե Նասլեդիեին»:
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը միավորներ են կիսել, համապատասխանաբար, Ալեքսանդրա Կոստենյուկի և Եկատերինա Կովակլյովսկայայի հետ: Հարիկա Դրոնավալին հաղթանակ է տարել Վալենտինա Գունինայի նկատմամբ, իսկ Լելա Ջավախիշվիլին` Ալինա Կաշլինսկայայի նկատմամբ:
Երևանյան թիմը հավաքել է 13 միավոր և բարձրացել 3-րդ հորիզոնական: Մրցաշարի առաջատարը նախկինի նման 15 միավորով «Cercle d’Echecs-ն» է:
Եվրոպայի ակումբային առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 18-ին: Ժամանակի հսկողությունը` 40 քայլի համար 90 րոպե է, այնուհետև 30 րոպե մինչև պարտիայի ավարտը յուրաքանչյուր քայլի համար հավելյալ 30 վայրկյանով` սկսած առաջինից:
Նշենք, որ 2006-ին «Միկան» դարձել է Եվրոպայի գավաթի հաղթող:






