AM
28 February 2003 - 14:44 AMT

ԱՄՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՀԱՄԱՐ ԳՏՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ

Մեծ տարբերություն կա Իրաքի խնդրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջեւ, եւ ցանկացած համեմատություն այստեղ տեղին չէ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների բյուրոյի ղեկավար Էլիզաբեթ Ջոնսը` Բաքու-Վաշինգտոն հեռուստակամուրջի շրջանակներում պատասխանելով Բաքվի ԶԼՄ-ների հարցերին: Նրա խոսքերով` Սադամ Հուսեինի Քուվեյթ ներխուժումից հետո միջազգային հանրությունը հանգեց այն կարծիքին, որ այդ ագրեսիան այլեւս չպետք է կրկնվի, եւ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ զանգվածային բնաջնջման զենքի մշակման, արտադրության եւ պահպանման հնարավորություն: Եւ դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պայմաններից մեկն էր: Բոլորը մտածում էին, որ Սադամ Հուսեյնը կհպատակվի, որը սակայն տեղի չունեցավ: Դա արմատապես տարբերվում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններից, ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: Նրա կարծիքով` զենքի կիրառումը ղարաբաղյան խնդրի կարգավորման համար սարսափելի որոշում կլինի, որին ոչ ոք չի համաձայնի: ԱՄՆ-ում չեն հավատում նման ելքի, այդ պատճառով էլ հետաքրքրություն են դրսեւորում տարածաշրջանում առկա էներգետիկ նախագծերի նկատմամբ եւ Մինսկի խմբի շրջանակներում ջանքեր են գործադրում հարցի խաղաղ կարգավորման նպատակով: ԱՄՆ-ը փորձում են գտնել ղարաբաղյան հարցի տարածաշրջանային լուծում, հայտարարել է Ջոնսը: