AM
19 November 2012 - 10:15 AMT

Եվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հանգանակվել է շուրջ 1,4 մլն եվրո

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիական բաժանմունքի կազմակերպած ավանդական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքվել է 1424776 եվրո, ինչը 124 000 եվրոյով ավելի է, քան անցյալ տարի: Ինչպես հայտնում է Nouvelles d'Arménie-ն, 1 220 հազար եվրո է հանգանակվել Ֆրանսիայում, 96 000՝ Գերմանիայում, 25 000՝ Շվեյցարիայում, 30 000՝ Հունաստանում, 8 000՝ Բելգիայում, 46 000՝ Նիդերլանդներում: Հեռախոսամարաթոնը կայացել է նոյեմբերի 15-18:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին կազմակերպիչնները, հանգանակված գումարի 10 տոկոսը կհատկացվի սիրիահայերին: Բացառություն կկազմեն միայն նպատակային նվիրատվությունները, որոնք բարերարների ցանկությամբ կուղղվեն կոնկրետ ծրագրերի իրականացմանը:

Ավելի վաղ ՀՀ նախագահ, «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով օգոստոսին բանկային հաշվեհամարներ բացվեցին սիրիահայերի կարիքների համար դրամական փոխանցումների նպատակով: