Ստամբուլի Բողազիջի համալսարանի 109 դասախոսներ համատեղ մի հայտարարություն են ստորագրել, որով համալսարանի ռեկտորատից պահանջել են թույլ տալ պահ առաջ անցկացնել նրա իսկ կողմից անհիմն կերպով հետաձգված Հայոց ցեղասպանության հարցը քննարկող թուրքական գիտաժողովը, հաղորդում է «Երկիր» թերթը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը: Նախաձեռնողները չափազանց ցավում են մայիսի 25-27-ը կայանալիք գիտաժողովը չեղյալ հայտարարելու համար: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, մայիսի 24-ին դեռեւս տեղի չունեցած գիտաժողովի վերաբերյալ Թուրքիայի արդարադատության նախարարի եւ որոշ պատգամավորների անտեղի հայտարարությունները հարձակում է կարծիք արտահայտելու եւ խոսքի ազատության նկատմամբ: «Դեռեւս չարտահայտված կարծիքների խոչընդոտումը իրավիճակն ավելի վտանգավոր եւ լուրջ կդարձնի: Համալսարանը թույլ չի տա, որ քաղաքականությունը ղեկավարի գիտությանը»,-նշվում է հայտարարության մեջ: Ասվում է նաեւ, որ այլակարծությունը դավաճանություն համարող պետական այրերի նման հայտարարությունները լուրջ հարձակում են մարդու եւ քաղաքացու իրավունքների վրա: Կառավարության որոշ անդամների եւ պատգամավորների ճնշման տակ գիտաժողովի չեղյալ համարվելը հակասում է նույն կառավարության եւ խորհրդարանի կողմից Հայկական հարցը գիտական մթնոլորտում եւ հասարակության մեջ քննարկումների միջոցով պարզաբանելու մասին որդեգրված պետական քաղաքականությանը: