Հայ օդաչուները արժանապատիվ են պահել իրենց եւ չեն կոտրվել, գտնվելով գվինեկան բանտում: Այդ մասին այսօր Գվինեայի բանտից վեց հայ օդաչուների ազատմանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայերի համաշխարհային կոնգրեսի ներկայացուցիչը Հասարակածային Գվինեայի իշխանությունների հետ հայ օդաչուների ազատման հարցի շուրջ բանակցություններում, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Նրա խոսքերով, Հասարակածային Գվինեայի իշխանությունները նշել են, որ թշնակաման զգացմունքներ չեն տածում հայ օդաչուների հանդեպ: Իր հերթին հայկական անձնակազմի հրամանատար Աշոտ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց բոլորին եւ անձամբ Արա Աբրահամյանին իրենց նոր կյանք նվիրելու համար: «Մենք բարձր ենք պահել ՀՀ պատիվը եւ այնպիսի բան չենք արել, որը կարող էր հիմք հանդիսանար մեղադրանքի համար, առավել եւս, որ դրա ապացույցներ չկային»,-հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «Հասարակածային Գվինեայի իշխանությունների համար գոյություն չունի կալանավորներին պահելու խնդիր` նստացնում են եւ վերջ»: Եվ միայն Արա Աբրահամյանի ֆինանսական աջակցության շնորհիվ օդաչուներին հաջողվում էր սնվել եւ միջոցներ գտնել անհրաժեշտ դեղամիջոցներ ձեռք բերելու համար: Սակայն այդ միջոցների միայն փոքր մասն էր հասնում հասցեատերերին: Նա նաեւ նշել է, որ բոլորը, եւ կալանավորները եւ քրեակատարողական հաստատության ղեկավարը դիմում էին նրանց տարբեր հարցերով` լուծել էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները, վերանորոգել մեքենան: