Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Թայլանդի Թագավորության Ազգային Ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Բհոկին Բալակուլայի հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ա.Մարգարյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Թայլանդի հետ համագործակցության խորացմանը` այդ երկիրն ընկալելով որպես Հարավ-Արեւելյան Ասիայի նախադուռ: Կողմերը նշել են, որ Հայաստանի եւ Թայլանդի միջեւ երկկողմ հարաբերությունները կարեւորվում են ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական երկխոսության առումով` ընդ որում, քաղաքական համագործակցության խորացման կարեւոր խթան են հանդիսանում երկու երկրների օրենսդիր մարմինները: Զրուցակիցները հիշատակել են Թայլանդում հայ փոքրաթիվ համայնքի կարեւոր դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման գործում: Որպես Թայլանդի եւ Հայաստանի միջեւ համագործակցության զարգացման ապացույց` կողմերը նշել են եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման մասին մտադրությունը:Ա.Մարգարյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի եւ Թայլանդի միջեւ կստորագրվեն նաեւ ներդրումների պաշտպանվածության եւ մուտքի արտոնագրերի տրամադրման մասին համաձայնագրեր` ընդգծելով, որ այդ համաձայնագրերը գտնվում են համաձայնեցման փուլում: Իր հերթին Բհոկին Բալակուլան հավաստիացրել է իր զրուցակցին, որ հնարավոր ամեն ինչ կանի ստորագրվելիք համաձայնագրերի շուտափույթ վավերացման համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները ներկայացրել են իրենց երկրներում ներկայումս իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Աշնանը նախատեսվում է Հայաստանի պատգամավորական պատվիրակության այցը Թայլանդ: Համատեղ օրենսդրական գործունեության կատարելագործումը երկկողմ տնտեսական գործընկերության նոր հնարավորություններ կստեղծի, արդյունավետ իրավական շրջանակներ կձեւավորի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր գործարարության զարգացման համար, որին կնպաստի նաեւ երկու երկրներում նախատեսվող առեւտրատնտեսական ներկայացուցչությունների փոխադարձ բացումը, ինչպես նաեւ սեպտեմբերին Թայլանդում կայանալիք հայկական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպումը: Դրան կհաջորդի թայլանդական ապրանքատեսականու ցուցադրությունը Հայաստանում: Այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան: