AM
15 June 2005 - 03:23 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱԶԴԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՑ ՄԵԿԻՆ

Նախօրեին տեղի ունեցած Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախարարներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման կարեւոր թեմաներից մեկը եղել է իրավիճակը Հարավային Կովկասում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, հաղորդում է Բաքվի «525» թերթը: Ռուսական մամուլը ուշադրություն է դարձնում, որ Ադրբեջանի նախագահի Ռուսաստան կատարած աշխատանքային այցի հիմնական նպատակն էր հենց ղարաբաղյան հարցի քննարկումը Վ.Պուտինի հետ: Սակայն ԶԼՄ-ները չեն հաղորդել այդ քննարկումների մանրամասները: Նշվում է միայն, որ ռուսական կողմը չի փոխել իր վերաբերմունքը այդ հակամարտության հանդեպ եւ կարգավորման անհրաժեշտ պայման է համարում առաջին հերթին փոխզիջման հասնելը հակամարտության կողմերի միջեւ: Ռուսաստանը մտադիր չէ ազդել կողմերից եւ ոչ մեկի վրա խնդրի հանգուցալուծաման առնչությամբ եւ միաժամանակ պատրաստ է իր վրա վերցնել երաշխավորի դերը կողմերի միջեւ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածության իրականացման համար: Հարկ է նշել, որ Մոսկվան այդ դիրքորոշումը մինչ այժմ բազմիցս անգամ արտահայտել է տարբեր մակարդակներում: Դիտարկելով իրավիճակը Հարավային Կովկասում` Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախարարները, հավանաբար, չեն անտեսել վերջին ժամանակներս պաշտոնական Բաքվին անհանգստացնող մի հարց` ռազմական տեխնիկայի տեղափոխումը Վրաստանի ռուսական ռազմակայաններից Հայաստան: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ առնչությամբ ռուսական կողմին էր հղել պաշտոնական նոտա, սակայն Մոսկվայի պարզաբանումը չի գոհացրել Բաքվին: Մամուլում չկան տեղեկություններ այն մասին, թե ինչ արդյունքներ են արձանագրվել այդ առումով նախագահների հանդիպման ընթացքում: Միաժամանակ, երեկ Ռուսաստանի ԶԼՄ-ները տարածել են ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հերթական հայտարարությունն այդ թեմայով, որը եւս մեկ անգամ հայտարարեց, որ ռազմական տեխնիկայի տեղափոխումը Վրաստանից Գյումրիյում տեղակայաված ռուսական ռազմակայան չի նշանակում այդ տեխնիկայի փոխանցում Հայաստանին, եւ այդ գործընթացը չի կարող որեւէ կերպ ազդել տարածաշրջանում առկա ռազմական բալանսի վրա: