Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 13-րդնիստի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ստորագրեցին Շրջանակային համաձայնագրի արձանագրություն, որը հնարավորություն կտա Հայաստանին մասնակցություն ունենալ ԵՄ ծրագրերում: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նիստի ընթացքում արձանագրվեց, որ 2012թ. նշանավորվել է բարձրաստիճան փոխայցելությունների մեծ ինտենսիվությամբ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Բրյուսել մարտին և հունիսին, ԵՄ Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, ԵՄ Հանձնաժողովի նախագահ Խոսե Մաունել Բարոզուն և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այցելել են Հայաստան համապատասխանաբար հուլիսին, սեպտեմբերին և դեկտեմբերին:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարևորեց Ասոցացման համաձայնագրի,ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների հաջող ընթացքը, և ընդգծեց հայկական կողմի մտադրությունը ավարտել դրանք մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:






