AM
24 Հունվար 2013 - 06:15 AMT

Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեում հաղթանակ է տարել Վան Հաոյի նկատմամբ և շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում Tata Steel փառատոնի 10-րդ տուրում պարտության է մատնել Վան Հաոյին (Չինաստան): Հաղթանակի շնորհիվ Արոնյանը շարունակում է 6,5 միավորվ զբաղեցնել 3-րդ տեղը, բայց նա միավորներով հավասարվել է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին, ով 2-րդ տեղում է: Հնդիկ շախմատիստը ոչ ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ (Ռուսաստան):

Մրցաշարի առաջատարը նախկինի նման Մագնուս Կառլսենն է (Նորվեգիա), ով իր մոտակա մրցակիցներից առաջ է արդեն 1.5 միավորով: 10-րդ տուրում նա վաստակել է մեկ միավոր Էրվին Լ’Ամիի (Հոլանդիա) հետ պարտիայում:

Հունվարի 24-ին մրցաշարում երկրորդ հանգստյան օրն է, իսկ 11-րդ տուրում, որը կկայանա մեկ օր անց, հայ շախմատիստը կխաղա Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: Վերջինս զբաղեցնում է 4-րդ տեղը նույնպես 6,5 միավորով: