Առաջիկայում Ստամբուլում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջաքնի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարների հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը մտադիր են քննարկել Կարս (Թուրքիա)-Ախալքալաք (Վրաստան)-Թբիլիսի-Բաքու երակթուղու շինարարությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցման խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջո Նոլենբերգը եւ Ջորջ Ռադանովիչը Կոմգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն են ներկայացրել մի օրինագիծ, որն արգելում է Միացյալ Նահանգներին աջակցել Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությանը, որը շրջանցում է եղած Կարս-Գյումրի (Հայաստան)-Ախալքալաք երակթուղային ճյուղը: Ըստ Նոլենբերգի, «Հայաստանի տնտեսական եւ առեւտրային իրավունքների ոտնահարումը կվնասի ԱՄՆ երկարաժամկետ տարածաշրջանային շահերին»: «Ամերիկան չպետք է աջակցի այդ երկաթուղու շինարարությանը, քանի որ այդ նախագիծը հաշվի չի առնում արդեն գոյություն ունեցող Կարս-Գյումրի երակթուղին, խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությունը եւ ապակայունացնում է Հարավային Կովկասը»,-նշել է Ջո Նոլենբերգը: Նշենք, որ Կարս-Ախալքալաք նոր երկաթուղու երկարությունը կկազմի 98 կմ, որից 68 կմ անցնելու է Թուրքիայի տարածքով, 30 կմ` Վրաստանի: Նախագծի իրականացման համար կպահանջվի շուրջ 500 մլն դոլար: Նախատեսվում է, որ երկաթուղին շահագործման կհանձնվի 2008 թվականի վերջում: Նշենք նաեւ, որ մայիսի 25-ին Բաքվում տեղի է ունեցել Կարս-Թբիլիսի-Բաքու միջազգային տրանսպորտային երակթուղային միջանցքի ստեղծման վերաբերյալ հռչակագրի ստորագրումը: Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները: Հենց այդ նախագծի շրջանակներում էլ նախատեսվում է Կարս-Ախալքալաք երակթուղու կառուցումը: Այդ երակթուղու շինարարության առիթով իրենց դժգոհությունն են հայտնել նաեւ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, Կարս-Ախալքալաք երակթուղու շինարարությունը շահավետ չէ ոչ Հայաստանին, ոչ էլ տարածաշրջանին: «Բոլոր միջոցներով մենք փորձում ենք ապացուցել բոլոր շահագրգիռ կողմերին, որ այդ երկաթուղու շինարարությունը սխալ է, անշահավետ է եւ շատ թանկ: Բացի այդ, այդ դեպքում Հայաստանը կհայտնվի մեկուսացման մեջ»,-հայտարարել է նախագահը, ավելացնելով, որ այդ նախագիծը, ի տարբերություն Կարս-Գյումրի ճանապարհի հաստատված չէ TRASECA-ի քարտեզում: Մանուկյանը նշել է նաեւ, որ հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հաջորդ օրն իսկ հայկական կողմը ի վիճակի կլինի բեռներ ընդունել Կարս-Գյումրի երթուղով` «հայկական կողմի երկաթուղին եւ սահմանամերձ տերմինալը գտնվում են կատարյալ տեխնիկական վիճակում»: «Մենք պատրաստ ենք նաեւ արտոնյալ տարանցիկ սակագներ առաջարկել թուրքական կողմին»,-նշել է Մանուկյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: