Oրերս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը այցելեց Ֆրեզնո` տեղի Կալիֆորնիայի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնի 25-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Արարողությունը սկսեց համալսարանի նախագահ, դոկտոր Ջոն Վելթին: Իր ելույթում դեսպան Ա. Կիրակոսյանը ներկայացնեց Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական վիճակը, երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Արձանագրելով Հայաստանի որոշակի տնտեսական առաջընթացը` դեսպանը կոչ արեց ամերիկահայ համայնքին` ավելի աշխուժորեն ներգրավվել Հայաստան-ԱՄՆ առեւտրատնտեսական եւ ներդրումային կապերի ընդլայնման գործին: Նույն օրը դեսպան Կիրակոսյանը այցելեց Ֆրեզնոյի հին հայկական թաղամասը, ինչպես նաեւ Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանոցում գտնվող Ուիլյամ Սարոյանի շիրիմը: Նշենք, որ Ֆրեզնոյում այժմ բնակվում են ավելի քան 50 հազար հայեր: