Անկարան ակտիվորեն պատրաստվում է Եվրամիության հետ այդ կազմակերպությանն անդամակցելու հարցով բանակցություններին, որոնք սկսվելու են հոկտեմբերի 3-ին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը: Նրա խոսքերով` Թուրքիայի համար չափազանց կարեւոր է զգուշորեն հաղթահարել «մարաթոնի վերջին հարյուր մետրը»: «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ե՛ւ Թուրքիան , ե՛ւ Եվրոպան ուշադիր հետեւում են այդ գործընթացին: Մենք հույս ունենք, որ ԵՄ անդամակցության հարցի քննարկումը կսկսվի հոկտեմբերի 3-ին, ինչպես որ մենք ծրագրել էինք»,- հայտարարել է Գյուլը: Նրա խոսքերով` բանակցությունների հետաձգման ոչ մի պատճառ չկա, քանի որ «Թուրքիան կատարել է բոլոր պահանջները»: Թուրքական նավահանգիստները կիպրական վարչակազմի համար բացելու հարցի կապակցությամբ Թուրքիայի դիրքորոշման մասին Գյուլը պատասխանել է. «Եթե խնդիրներ առաջանան մաքսային մարմինների գործունեության ընթացքում, ապա գոյություն ունի իրավական հիմք դրանք մաքսային միության շրջանակներում քննարկելու համար: Թուրքիայի ԵՄ անդամակցությունը ոչ մի կապ չունի այդ տարաձայնությունների հետ», տեղեկացնում է «Երկիր» թերթը:






