AM
9 Սեպտեմբեր 2005 - 06:45 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ ԼՐԱՆՈՒՄ Է

Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին անհրաժեշտ է զգալիորեն լավ պատրաստել իրենց ժողովուրդներին խաղաղությանը, եթե բարձր մակարդակի ներկայիս բանակցությունները պսակվեն հաջողությամբ: Այս մասին ասվում է Ճգնաժամերի կանխման միջազգային խմբի «Լեռնային Ղարաբաղ. Հայացք հակամարտությանը իրադարձությունների վայրից» զեկույցում: Տվյալ զեկույցը «ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի եւ նրան մերձակա շրջանների հայ եւ ադրբեջանական համայնքների կյանքի պայմանները, ինչպես նաեւ նրանց դիրքորոշումները հակամարտության կարգավորման ուղղությամբ»: «Չնայած միջազգային միջորդության հովանու ներքո ընթացող բանակցություններում առաջընթացի առաջին նշաններին, աճող ռազմական ծախսերը, հաճախակի դարձող հրադադարի խախտման դեպքերը չարագուշակ նախանշաններն այն բանի, որ խաղաղ կարգավորման համար բաց թողնված ժամանակը լրանում է: Լեռնային Ղարաբաղի համար մղվող դաժան պատերազմը հանգեցրել է շուրջ 18 հազար հինգ հարյուր մարդկանց կորստին եւ ավելի քան մեկ միլիոն մարդկանց տեղահանմանը` մինչեւ 1994 թվականի անկայուն զինադադարը: Անցած տասնմեկ տարիների կյանքը Լեռնային Ղարաբաղում դարձել է նորմալ` տնտեսությունը զարգանում է, գործում են ընտրական ինստիտուտները: Սակայն ոչինչ չի արվել պատերազմից տուժածների իրավունքների վերականգնման համար: Լեռնային Ղարաբաղում մոնոէթնիկ ինստիտուտների ստեղծումը, ադրբեջանցիների սեփականության ավերումը եւ հողի ու ձեռնարկությունների սեփականաշնորհումը լուրջ խոչընդոտներ են ստեղծում ադրբեջանցիների վերադարձի եւ ինտեգրման ճանապարհին»,- նշվում է փաստաթղթում: Զեկույցում ասվում է նաեւ. «Շատ տեղահանված մարդիկ բարձր աստիճանի կախվածություն են ձեռքբերել ադրբեջանական պետությունից եւ հնարավորություն չունեն լիիրավ մասնակցել քաղաքական կյանքին եւ սեփական ապագայի կայացմանը: Արգելելով երկխոսությունը եւ դիվայնացնելով հայերին պետության կողմից աջակցվող զանգվածային լրատվական միջոցներով եւ դպրոցներով` Բաքուն հասել է հասարակ քաղաքացիների շրջանում հակահայկական զգացմունքների դաժանացմանը: Ադրբեջանցիները եւ հայերը երբեք այդքան բաժանված չեն եղել ինչպես ներկայումս»: «Անհրաժեշտ է փոխադարձ ատելության եւ դիվայնացման արգելապատնեշ դնել, եւ բացել հասարակ ադրբեջանցիների եւ հայերի միջեւ երկխոսության եւ վստահության մթնոլորտի ձեւավորման ներուժը»,- ասել է Սաբինա Ֆրեյզերը` «Ճգնաժամերի կանխման միջազգային խմբի» Կովկասյան նախագծի տնօրենը: «Դա պետք է կատարվի ավելի շուտ, քանի դեռ նրանց համատեղ բնակության ժամանակները վերջնականորեն չեն ջնջվել նրանց հիշողոությունից, եւ բաժանումը դարձել իսկապես անհաղթահարելի»: «Ոչ մեկ, ոչ էլ մյուս համայնքները չեն ցուցաբերում հակամարտության կարգավորման տարբերակների ընդունման պատրաստակամություն, որոնք ներկայումս քննարկվում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կողմից` ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցությունների շրջանակներում»: «Մարդկանց մեծամասնությունը, որոնք տուժել են հակամարտությունից, անիրազեկ են բանակցային գործընթացի մանրամասներից»,- ասում է «Ճգնաժամերի կանխման միջազգային խմբի» եվրոպական ուղղությամբ փոխնախագահ Ալեն Դելետրոզը: «Սակայն կարգավորման ցանկացած առաջխաղացման համար ոչ մի հնարավորություն չկա, մինչեւ հակամարտության բոլոր կողմերի առաջնորդները չսկսեն ակտիվորեն համոզել իրենց ժողովուրդներին գործընթացի հիմքում ընկած գաղափարի ճշտության մեջ»,- նշվում է փաստաթղթում: