AM
16 Սեպտեմբեր 2005 - 08:01 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ

«Ղարաբաղյան հակամարտության կողմերի իշխանությունները պետք է պատրաստեն իրենց ժողովուրդներին որոշակի որոշման: Սակայն, նկատի ունենալով, որ առայժմ նույնիսկ չկան այդ որոշման ուրվագծերը, ապա խոսել որեւէ կոնկրետ քայլերի մասին` դժվար է: Այլ հարց է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ու մտավորականությունը պետք փորձեն վերացնել անվստահության մթնոլորտը: Տվյալ ուղղությամբ ԼՂՀ-ում դիտվում է բավականին առաջընթաց` չնայած այն, որ պատերազմի ընթացքում ամենաշատը տուժել է ԼՂՀ բնակչությունը, բայց եւ այնպես, այստեղ դիտվում է ավելի հանգիստ վերաբերմունք օպոնոնտի նկատմամբ, քան Ադրբեջանում»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը: Պատասխանելով, թե ինչ դեր է խաղում Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, Ա.Մելիքյանը նշել է, որ կա որոշակիորեն ձեւավորված բանակցությունների ձեւաչափ, որտեղ ընդգրկված է նաեւ Ռուսաստանը: «Եթե Ռուսաստանը ցանկություն հայտնի կամ պնդի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակցի բանակցություններին որպես հակամարտող կողմ, ապա մենք, բնականաբար, կհայտնենք մեր դրական վերաբերմունքը: Առայժմ նման բան չկա, խոսել Ռուսաստանի դերի մասին ենթադրություններ անելով, գտնում եմ անտեղի»,- նշել է Ա.Մելիքյանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: