Այս շաբաթ լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության 25-ամյակը, որը մոտ 30 հազար մարդու կյանք է խլել, գրում է կանադական The Star թերթը: Հոդվածի հեղինակը անդրադառնում է հակամարտության պատմությանը, մասնավորապես, նշելով, որ Լեռնային Ղարաբաղը դարեր շարունակ վիճահարույց տարածք է եղել քրիստոնյա հայերի ու մահմեդական ադրբեջանցիների միջև: «Առաջին համաշխարհային պատերազմից հետո, կազմավորված ԽՍՀՄ-ը ստեղծեց հայաբնակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական Հանրապետության կազմում: 1988թ. փետրվարին մարզային խորհուրդը քվեարկեց Ղարաբաղը Հայաստանին միացնելու օգտին, ինչն էլ ազգամիջյան բռնկում առաջացրեց: Պատերազմում հաղթեցին հայերը, ստեղծելով անվտանգության գոտի ու Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք: Անկլավը անկախ հռչկավեց, սակայն չճանաչվեց: Ռուսաստանի միջնորդությամբ 1994թ. հրադադարի մասին համաձայնագիր կնքվեց»,-նշում է կանադական թերթը՝ հավելելով, որ մոտ 1 մլն հայեր ու ադրբեջանցիներ չեն կարող վերադառնալ իրենց տները:
Հոդվածում ասվում է նաև Ադրբեջանում ժողովրդավարության բացակայության մասին, որը «հարուստ է նավթով», հիշատակվում է գրող Աքրամ Այլիսլիի հալածանքը «Քարե երազներ» գրքի համար: «75-ամյա գրողի գրքերն այրվեցին, իսկ կառավարամետ կուսակցությունը 13 000 դոլար պարգևավճար սահմանեց գրողի ականջը կտրելու համար: Մինչդեռ վեպի նպատակն էր վստահության կամուրջներ հաստատել ադրբեջանցիների ու հայերի միջև»,-գրում է պարբերականը:






