AM
23 Սեպտեմբեր 2005 - 04:59 AMT

ՎԱՂՎԱՆԻՑ ՊԱՐԶԵՑՎՈՒՄ Է ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՌՈՒՍԱԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Ռուսաստանի եւ Հայաստանի բոլոր պետական սահմաններում երկու երկրների քաղաքացիների համար առաջիկա գիշերվա զրո ժամից պարզեցվում է անցագրային ռեժիմը: Հայաստան մուտք գործելու համար, Ռուսաստանի քաղաքացիներին այժմ բավական է ներկայացնել հայ սահմանապահներին ռուսական արտերկրյա համաքաղաքացիական, դիվանագիտական, ծառայողական անձնագրերը, կամ նավաստու անձնագիրը եւ Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու նախապես ձեւակերպված վկայականը: Իսկ Հայաստանի քաղաքացիները ռուսական սահմանային կետերում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության անձնագիրը արտերկրում գործողության ժամկետի վերաբերյալ նշագրումով կամ դիվանագիտական անձնագիր, ինչպես նաեւ Հայաստան վերադառնալու վկայականը: Հաստատված է, որ մինչեւ 16 տարեկան երեխաների հետ Ռուսաստան մուտք գործելու դեպքում մինչեւ 2006 թվականի մարտի 23-ը Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան ծննդյան վկայականներ ՌԴ մուտք գործող յուրաքանչյուր երեխայի համար: Սահմանը հատելու պարզեցված կարգը ուժի մեջ է մտնում ըստ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված պայամանգրի: Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք օրինական հիմքերով մուտք են գործել Ռուսաստան մինչեւ 2005 թվականի սեպտեմբերի 24-ը, առաջիկա երկու ամիսների ընթացքում կպահպանվի Հայաստան վերադառնալու նախկինում գործող կարգը, հաղորդում է Իտար-Տասսը: