AM
14 Հոկտեմբեր 2005 - 12:13 AMT

«Նարնջագույն հեղափոխության» հեռանկարը Հայաստանում բավականին խնդրահարույց է

«Նարնջագույն հեղափոխության» հեռանկարը Հայաստանում բավականին խնդրահարույց է: Ընդդիմությունը պառակտված է, իշխանությունը բավականին համախմբված: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: Նրա խոսքերով, խնդիրը Հայաստանում այն չէ, որ դեպի Արեւմուտք կողմնորոշված ինչ-որ «լիբերալներ» կարող են իշխանափոխություն կատարել եւ ուղենիշ վերցնել դեպի Վաշինգտոն, ՆԱՏՕ, Եվրամիություն եւ այլն: Բանն այն է, որ Հայաստանում եւ իշխանական կառույցները, եւ ընդդիմությունը, եւ հասարակությունը ակնկալում են Ռուսաստանից առավել ակտիվ եւ շոշափելի գործողություններ տարածաշրջանում, ընդգծել է նա: Առաջին հերթին խոսքն այն մասին,է, որ պարտքերի դիմաց Ռուսաստանին փոխանցված գործարանները աշխատեն, որ Հայաստանի հասարակական եւ քաղաքական շրջանակները տեսնեն, որ Ռուսաստանն իրոք շահագրգռված է պահպանել իր տնտեսական ներկայությունը տարածաշրջանում»,-նշել է Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, դա կստեղծեր նոր աշխատատեղեր, դա Ռուսաստանի ներկայությունը ավելի շոշափելի կդարձներ Հայաստանի համար ամենաբարդ` սոցիալ-տնտեսական ոլորտում: Կարեւոր է, որ Ռուսաստանը մասնակցի Հայաստանում գազատարի եւ այլ օբյեկտների շինարարությանը: Բացի այդ, ավելացրել է ՌՀՄ ղեկավարը, ռուսական մասնակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը մեծ նծանակություն կունենար: Շատերը Հայաստանում բավականին տարօրինակ են համարում, որ Ռուսաստանը, որի կողմից հայերը կռվել են Օսմանյան կայսրության դեմ, եւ դա օգտագործվել է թուրքերի կողմից ցեղասպանություն գործելու համար, այժմ լիովին ինքնամեկուսացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Փաստորեն նախաձեռնությունն այդ ոլորտում լիովին Վաշինգտոնի ձեռքերում է: Որոշակի մասնակցություն այդ հարցին ունի նաեւ Եվրամիությունը եւ որոշ այլ եվրոպական պետություններ: Հայաստանում ակնկալում են նաեւ, որ Ռուսաստանը առավել ակտիվ մասնակցություն կունենա ղարաբաղյան կարգավորման հարցում, ավելացրել է Ա.Աբրահամյանը: Նրա խոսքերով, հասարակական եւ քաղաքական շրջանակներից շատերը գտնում են, որ Ռուսաստանը բավարար ջանքեր չի գործադրում Վրաստանով անցնող երկաթուղին բացելու համար: Ոմանք Ռուսաստանում հավաստիացնում են, որ Հայաստանի իշխանությունները բավարար ակտիվությամբ չեն դնում այդ հարցը իրենց վրաց գործընկերների առջեւ, որոնք «Աբխազիային» պատժելու պատրվակով իրականում պատժում են Հայաստանին: Արա Աբրահամյանը նշել է հայ-ռուսական խորհրդատվությունների ակտիվացման անհրաժեշտությունը այդ սուր տնտեսական եւ քաղաքական խնդիրները լուծելու համար, որպեսզի Վրաստանից ռուսական ռազմակայանի դուրս բերումից հետո տարածաշրջանի հետագա ապակայունացման փոխարեն դարձնենք այն խաղաղության, մասշտաբային տնտեսական եւ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման գոտի, որոնք ընդհանուր շահերի շնորհիվ միասնական կդարձնեին այդ տարածաշրջանը: