ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Ադրբեջանի եւ ԼՂՀ ԶՈՒ շփման գծում առկա հրադադարի խախտման փաստերը չի կապում Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի հետ: Նրա խոսքերով, շփման գծում կան զինվորներ, որոնք նստած են տարբեր կետերում եւ միշտ տեղեկացված են լինում դիտարկման անցկացման մասին: Արդյունքում դիտարկման խմբի անդամների անվտանգությունը ապահովելու նպատակով զինվորները անում են ամեն հնարավորը կրակոցները կանխելու համար: «Ես կարծում եմ, որ անկախ բոլոր թերություններից, հրադադարի ռեժիմը քիչ թե շատ արմատացել է: Նույնիսկ դեպքեր են լինում, երբ զինվորները քնելով դիրքերում, արթնանում են եւ չգիտակցելով իրավիճակը, կրակում են հենց յուրայինների վրա` ընթունելով նրանց թշնամու տեղ: Այս տխուր փաստերը, անկասկած, ընդհանրապես չպետք է լինեն: Միեւնույն ժամանակ, հնարավոր չէ լիովին խուսափել զոհերից»,-նշել է Ա.Կասպշիկը:
Նրա խոսքերով, հրադադարը պահպանվում է կողմերի քաղաքական կամքի շնորհիվ: Բազմիցս անգամ դա ասվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից: Կողմերը հայտարարել են, որ ցանկանում են բանակցել եւ խաղաղ ճանապարհով հասնել ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Հենց այդ պատճառով է, որ ԵԱՀԿ-ն օգնում է երկու երկրների կառավարություններին ազդել զորամասերի հրամանատարների վրա, որպեսզի նրանք տեղերում առավել ակտիվ զբաղվեն զինվորների կարգապահությամբ: «Ի շնորհիվ մեզ հրամանատարները գիտեն, որ նրանք դիտարկման են ենթարկվում: Իհարկե, չի կարելի խոսել ԵԱՀԿ կողմից վերահսկման մասին, քանի որ մենք չունենք նման լիազորություններ, մենք նախարարություն չենք: Սակայն ես կարծում եմ, որ այդ գործոնը նպաստում է լարվածության նվազեցմանը, զոհերի թվի նվազեցմանը: Եթե դա այդպես չլիներ, ապա դիտարկումները այդքան հաճախակի չէին լինի: Ըստ իս, դիտարկումները, այնուամենայնիվ, օգնում են պահպանել կայունությունը տարածաշրջանում»,-նշել է նա` պատասխանելով ԵԱՀԿ դիտարկումների անցկացման նպատակահարմարության մասին հարցին, հաղորդում է ադրբեջնական «Թրենդ» գործակալությունը:






