AM
5 February 2003 - 18:56 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼԻՈՎԻՆ ՓԱԿՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ԲԼՈԿԸ

Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը լիովին փակում է անվտանգության ոլորտի հարցերի բլոկը Հայաստանի համար: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Միեւնույն ժամանակ, նախագահի խոսքերով, Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրին (ՀԱՊ) թույլ է տալիս ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները ներառել անվտանգության առավել ծավալուն համակարգում: Ընդլայնվում են նաեւ ՀԱՊ-ի անդամ մյուս հանրապետությունների հետ հորիզոնական մակարդակով աշխատելու հնարավորությունները, նշել է Ռ.Քոչարյանը: «ՀԱՊ-ում մեր մասնակցության ձեւակերպումից հետո միանգամայն որոշակի ուրվագծեր ստացավ ռազմատեխնիկական ոլորտում այն պետությունների հետ համագործակցությունը, որոնց հետ նախկինում մենք ընդհանրապես չէինք համագործակցում այդ ոլորտում», – ընդգծել է ՀՀ ղեկավարը: