Ադրբեջանի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ղեկավար, երկրի խորհրդարանի փոխխոսնակ Ռասուլ Գուլիեւը Սիմֆերոպոլից վերադարձել է Լոնդոն: Գուլիեւը հանդիպումներ էր նախանշել Գերագույն ռադայի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ, սակայն առանց բացատրությունների մեկնել է Ուկրաինայից: Ընդդիմադիր քաղաքական գործչի ներկայացուցիչը այդ շտապ մեկնումը բացատրել է նրանով, որ «Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին Գուլիեւը մտադիր է վերադառնալ Բաքու, սակայն ոչ Կիեւով»: Գուլիեւը, որին որոնում են Ադրբեջանի իրվապահ մարմինները խոշոր չափերի հափշտակումների մեղադրանքով, հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էր Սիմֆերոպոլի օդանավակայանում: Հինգշաբթի Սիմֆերոպոլի դատարանը ազատ էր արձակել Գուլիեւին: Դատավորը գտել էր, որ Ադրբեջանի խնդրանքը փոխխոսնակին ձերբակալելու վերաբերյալ քաղաքական դրդապատճառներ ունի: Նախօրեին ադրբեջանական իիրավապահ մարմինները հաղորդել էին, որ Ռ.Գուլիեւը մտադիր է մասնակցել երկրում բռնի իշխանափոխության նախապատրաստմանը: Որոշ տվյալներով, Գուլիեւը մտադիր է հանդես գալ Եվրախորհրդարանի պատգամավորների առջեւ եւ տեղեկացնել նրանց այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է Ադրբեջանում: Սիմֆերոպոլում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նա հաղորդել էր, որ գիտակցում է, թե կարող է ձերբակալվել Բաքվում, սակայն հավատարիմ է մնում վերադառնալու իր մատդրությանը:






