AM
24 Հոկտեմբեր 2005 - 08:57 AMT

Դոնի Ռոստովում սկսվել է հայկական եկեղեցու շինարարությունը

Հոկտեմբերի 22-ին Դոնի Ռոստովում տեղի է ունեցել Սբ.Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հիմքի օծման արարողությունը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Արարողությունը անցել է ժողովրդի մի ստվար մասի, ինչպես նաեւ պաշտոնական անձնաց ներկայությամբ` որոնց թվում էր նաեւ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Միխաիլ Չերնիշովը: Արարողությունը անցկացնելու համար Մոսկվայից ժամանել էր Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիչեւանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսեսյանը: Եկեղեցու էսկիզային պլանը հաստատվել է Դոնի Ռոստովի քաղաքաշինության խորհրդի կողմից շուրջ մեկ տարի առաջ: Շենքը կկառուցվի ավանդական հայկական եղանակով` այն կերեսպատվի քարով, իսկ տանիքը կլինի պղնձից: Բացի այդ, ըստ նախագծի նախատեսվում է կառուցել նաեւ տնտեսական շինություններ եւ ավտոկանգառ ծխականների ավոտմեքենաների համար: Միաժամանակ եկեղեցում կկարողանա աղոթել շուրջ 200 հոգի: