Այսօր Երեւանում տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայկական ատոմակայանի ֆինանսական գործունեության կառավարումը փոխանցվում է ռուսական կողմին: Այդ մասին հայտարարել է Երեւանում գտնվող Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Կլեբանովը ընդգծել է, որ ատոմային կայանը շարունակում է մնալ Հայաստանի սեփականությունը: «Խոսքը գնում է կայանի ֆինանսական հոսքերի կառավարման օպտիմիզացիայի մասին, ինչը թույլ կտա խուսափել այն իրադրության կրկնությունից, երբ ԱԷԿ-ը հնարավորություն չուներ վճարելու ատոմային վառելիքի համար»,-ընդգծել է նա: Ռուս նախարարն ասել է, որ համաձայն ձեռքբերված պայմանավորվածությունների, վառելիքի մատակարարումների համար Հայկական ԱԷԿ-ի մոտ 40 մլն դոլար ունեցած պարտքի կարգավորմամբ կզբաղվի «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը: «Այդպիսով, Հայկական ատոմային կայանը «ազատվում» է պարտքերից», – նշել է Իլյա Կլեբանովը: