Հոկտենբերի 23-ին Կրասնոդար քաղաքում տեղի են ունեցել քաղաքային Դումայի չորրորդ գումարման պատգամավորների ըտրություններ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ընտրությունները Կրասնոդարում ճանաչվել են կայացած 42 ընտրատարածքներից 41-ում: Որպես սենսացիոն կարելի է գնահատել հայազգի, ինքն իրեն առաջադրած Վլադիմիր Մարյանյանի` թիվ 10 քաղաքային պոլիկլինիկայի գլխավոր բժշկի հաղթանակը թիվ 41 Կուրչատովի ընտրատարածքում: Հետխորհրդային շրջանում սա առաջին անգամն է, որ հայազգի քաղաքացին ընտրվում է քաղաքային խորհրդարանի պատգամավոր: Վ.Մարյանյանը առաջատար չէր համարվում իր ընտրատարածքում, որտեղ բոլոր վերլուծաբանները հաղթանակը տալիս էին «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ, «Յուգէներգո կառավարման ընկերություն» ՍՊԸ գլխավոր տնորեն Գեորգի Սուլտանովին: Կրասնոդարի հայ համայնքը հույսերը կապել էր մեկ այլ հայրենակցի` «Յանտար» ընկերության տնօրեն, Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի կենտրոնական բաժնի ղեկավար Գուրգեն Իվանյանի հետ, որին աջակցում էր ինչպես Ռուսաստանի հայերի միությունը, այնպես էլ` «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը: Սակայն Գ.Իվանյանը արդյունքում զբաղեցրեց երրորդ տեղը թիվ 41 Պաշկովի ընտրատարածքում, որտեղ բավականին մեծ թվով հայեր են բնակվում:






