Ադրբեջանի ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքը ԱՀ կառավարության անդամներին կոչ է արել հրաժարական տալ` «եթե չեն ուզում կիսել Ֆարհադ Ալիեւի, Ալի Ինսանովի, Ակիֆ Մուրադվերդեւի ու այլոց ճակատագիրը»: «Եթե այսօր բանտում գտնվող նախարարները ժամանակին հրաժարական տային ու միանային ընդդիմությանը, մենք կկարողանայինք նրանց պաշտպանել եւ միջազգային հանրությանը ներկայացնել որպես քաղբանտարկյալներ»: Նրանք, սակայն, դա չարեցին, եւ այսօր դարձան սովորական քրեական հանցագործներ, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ: Մյուս պաշտոնյաները պետք է հասկանան դա եւ ընդունեն, որ իրենց էլ նույնը կարող է սպառնալ: Ուստի, քանի դեռ ուշ չէ, թող հրաժարական տան եւ աջակցեն ժողովրդավարական ուժերին»,-հայտարարել են «Ազադլիգ» դաշինքում, հաղորդում է Day.az-ը:






