AM
27 Հոկտեմբեր 2005 - 11:38 AMT

Երեւան է ժամանել Ռուսաստանի Սվերդլովի մարզի պատվիրակությունը

«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի տարվա» շրջանակներում այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի Սվերդլովի մարզի պաշտոնական պատվիրակությունը: Այդ մասին հաղորդել են նահանգապետի մամլո ծառայությունում: Ընթացիկ տարում սա սվերդլովցիների արդեն երկրորդ այցն է Հայաստան: Ինչպես հայտնի է, առաջին պատվիրակությունը գլխավորում էր նահանգապետ Էդուարդ Ռոսելը: Այդ ուղեւորության առանձնահատկությունն այն էր, որ նա նախորդում էր երկու երկրների կյանքում կարեւոր քաղաքական իրադարձությանը` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Հայաստան: Ռուս-հայկական հարաբերություններում նոր փուլ էր սկսվում: Այդ փուլում գլխավոր շեշտը մայրաքաղաքների դիվանագիտական առաքելություններից տեղափոխվում էր մարզեր` կոնկրետ ձեռնարկությունների, գիտական հետազոտությունների, ուսանողական լսարանների, ստեղծագործական կոլեկտիվների համագործակցության ոլորտ: Սվերդլովի մարզը առաջիններից էր այդ փոխշահավետ գործընկերության հաստատման գործում: Զրուցելով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նահանգապետը միտք էր հայտնել հանրապետությունում «Սվերդլովի մարզի մշակույթի օրեր» անցկացնելու մասին: Այնուհետեւ այդ առաջարկը կրկին հնչեց, երբ ուրալցիները հյուրընկալում էին պատասխան այցով ժամանած Հայաստանի պատվիրակությանը` Արարատի մարզի մարզպետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Միջին Ուրալի պաշտոնական պատվիրակության կազմում են` մշակույթի նախարար Նատալյա Վետրովան, միջազգային եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Վիկտոր Կոկշարովը, Ուրալի պետական լեռնային համալսարանի ռեկտոր Նիկոլայ Կոսարեվը, Սվերդլովսկի երաժշտական կոմեդիայի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Միխաիլ Սաֆրոնովը, «Անի-Հայաստան» մարզային հասարակական ընկերության նախագահ Մասիս Նազարյանը: Ծրագրում են` հանդիպումներ Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության գործերով նախարարությունում, Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովի հետ, Տնտեսական, գիտատեխնիկական եւ այլ ոլորտներում երկկողմ համաձայնագրի նախապատրաստման աշխատանքային խմբերի համատեղ նիստ, ուղեւորություն Արարատի մարզ, մի շարք ձեռնարկությունների, բուհերի, ռուսական դպրոցի, թանգարանների, պատմական վայրերի այցելություններ, հաղորդում է Իտար-Տասսը: