Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը գտնում է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Պոստիմիս» օրաթերթին տված հարցազրույցում նախարարը հայտարարել է.«3ուրաքանչյուր երկիր հնարավորինս ազնիվ պետք է խոսի պատմության մասին: Դա վերաբերում է թե` Էստոնիային, թե` Թուրքիային»: Միաժամանակ Պաետը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան կարող է դառնալ Եվրամիության անդամ: Ուրմաս Պաետի կարծիքով, Թուրքիայի անդամակցության հետ կապված մտավախությունները չափազանցված են: «Երբ Արեւելյան Եվրոպան միանում էր Եվրամիությանը, ոմանք կանխատեսում էին, թե Արեւելյան Եվրոպան լիովին կդատարկվի, որովհետեւ բոլորը կտեղափոխվեն Արեւմտյան Եվրոպա: Նույն սխալ կանխատեսումներն այժմ արվում են Թուրքիայի վերաբերյալ», – ասել է Էստոնիայի արտգործնախարարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:






