AM
8 Նոյեմբեր 2005 - 09:02 AMT

Օրհան Փամուկը պարգեւատրվել է հեղինակավոր ֆրանսիական գրական Medicis մրցանակով

Թուրք հայտնի գրող Օրհան Փամուկն արժանացել է հեղինակավոր ֆրանսիական գրական Medicis մրցանակի: Ֆրանսիացիները Փամուկին մրցանակ են շնորհել «Ձյունը» վեպի համար, որի գործողությունը ծավալվում է Կարսում: Գլխավոր հերոսը 12-ամյա վտարանդությունից հետո հայրենիք վերադարձած թուրք բանաստեղծ է, որը հայտնվում է փոքրիկ քաղաքում ծավալվող քաղաքական իրադարձությունների հորձանուտում: Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ստամբուլում Օրհան Փամուկը կկանգնի դատարանի առջեւ` «թուրքական պետության վարկին վնաս հասցնելու» մեղադրանքով: Ավելի վաղ նա շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրուցում հայտարարել էր, որ «անցյալ դարասկզբին Թուրքիայում սպանվել է մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ»: Ըստ Թուրքիայի օրենքների, նման մեղադրանքով Օ.Փամուկը կարող է դատապարտվել վեց ամսից մինչեւ երեք տարվա ազատազրկման: