Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Ռիֆատ Շայխուտդինովը հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հավաստել է, որ ավելի լավ հարաբերություններ, քան Ռուսաստանն ունի Հայաստանի հետ, դժվար է պատկերացնել: Բարեկամական հարաբերություններն, ըստ պատգամավորի, գնալով ավելի են խորանում: ՌԴ հետ երկքաղաքացիության համաձայնագիր ձեռք բերելու մասին հարցին նա պատասխանել է, որ որեւէ խնդիր, խոչընդոտ չի տեսնում: «Առաջարկել եմ ինքնաբերաբար քաղաքացիություն շնորհել նախկին ԽՍՀՄ քաղաքացիներին, բայց Դումայում ոչ բոլորն են կողմ դրան: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, խանգարող ոչինչ չեմ տեսնում. դեռ 1999 թ-ին այդ հարցը կլուծվեր, եթե թե՛ Հայաստանում, թե՛ մեզ մոտ փոփոխություններ չլինեին»,- հայտարարել է Ռիֆատ Շայխուտդինովը: Հարցն, ըստ Ռ. Շայխուտդինովի, Դումայում քննարկվելու ենթակա է, եւ այն, որ խորհրդարանն իր կարծիքն ունի եւ հալած յուղի տեղ չի ընդունում կառավարական որոշ շրջանակներից այդ առթիվ ստացվող հակասական կարծիքները, բնական է:






