Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց Կանադահայ գործարարների խորհրդի անդամներին` Խորհրդի նախագահ Վահրամ Փիրջանյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վ. Օսկանյանը բարձր գնահատեց գործարարների կողմից Հայաստանի տնտեսական ներուժի եւ շուկայի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունն ու վստահությունը: Հանդիպման ընթացքում ծավալվեց շահագրգիռ խոսակցություն Հայաստանի զարգացման հեռանկարների եւ տնտեսության տարբեր ոլորտներում Հայաստան-Սփյուռք համագործակցության վերաբերյալ: Այդ առումով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց մի քանի գաղափարներ, որոնք կարող են համազգային քննարկան առարկա դառնալ: Կանադահայ գործարարները պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու այդ քննարկումներին եւ ստանձնելու կոնկրետ ծրագրեր: Հայաստան կատարած այցի շրջանակներում տասներկու կանադահայ գործարարները հանդիպումներ կունենան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական պաշտոնյաների եւ գործարարների հետ: Նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միությունում եւ Զարգացման հայկական գործակալությունում:






