AM
14 Նոյեմբեր 2005 - 13:27 AMT

Ռուսաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պյեր Լելուշը հայտարարել է, թե ապագայում ՆԱՏՕ-ի համար մեծագույն մարտահրավերներից մեկը լինելու է կայունությունը Եվրոպան շրջապատող տարածաշրջաններում, մասնավորապես, մահմեդական աշխարհում: «Այդ կայունությունը չափազանց կարեւոր է եւ պետք է իրականացվի ոչ միայն պարտադրված գործողությունների, այլեւ տնտեսական եւ ժողովրդավարակերտ միջոցներով, քանի որ աղքատությունը եւ անտարբերությունը կրոնի քաղաքական շահագործման, հետեւաբար նաեւ` ահաբեկչության հիմքում են», – հայտարարել է Պյեր Լելուշը: Նա նաեւ նշել է, թե միջազգային հանրությունը պետք է արագ արձագանքի անվտանգության ոլորտում ծագող խնդիրներին: «Մենք նաեւ պետք է ի զորու լինենք իրականացնել կանխարգելիչ գործողություններ եւ փորձենք կառուցել ժողովրդավարական եւ տնտեսական մոդելներ, որոնք կխթանեն երիտասարդների հույսը ապագայի հանդեպ: Հակառակ դեպքում դեպքերի զարգացումը ուղիղ տանում է դեպի բռնություն», – հայտարարել է Լելուշը: Նոյեմբերի 11-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը, որի քննարկման հիմնական թեմաները միջազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը ՆԱՏՕ-ի մասնակցության հարցերն են: Նստաշրջանի առաջին օրը կայացել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդարանական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի ուշադրության են արժանացել նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու տարածաշրջանի վրա Ռուսաստանի ազդեցությունը: Հարավային Կովկասn առաջնային կարեւորություն ունի հյուսիս-ատլանտյան դաշինքի համար` հաշվի առնելով տարածաշրջանի մոտ լինելը Իրաքին, Իրանին, Ռուսաստանին եւ Աֆղանստանին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: