Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ս.Ստեպաշինը Հայաստան է ժամանել ՌԴ Հաշվիչ պալատի եւ ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի կոլեգիայի համատեղ նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկման առանցքում եղել են «Գույք` պարտքի դիմաց» ծրագրի շրջանակում Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների վերագործարկման հետ կապված հարցերը: Սերգեյ Ստեպաշինը համառոտակի անդրադարձել է նաեւ ՌԴ Հաշվիչ պալատի գործունեությանը, պետական կառավարման այլ կառույցների հետ հարաբերություններին: Ռ,Քոչարյանը նշել է, որ հանրաքվեի դրված Սահմանադրական փոփոխություններով Հայաստանում եւս նախատեսվում է Վերահսկիչ պալատ անկախ մարմնի ձեւավորում, ինչը, նրա կարծիքով, կնպաստի ֆինանսական վերահսկողության ուժեղացմանը:






