Ապրիլի 19-ին Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Հայաստանն ավելի քան մեկ տասնյակ Եվրոպական Միության անդամ պետությունների հետ ռեադմիսիայի համաձայնագրեր էր ստորագրել և անգամ այն պետությունների հետ, որոնց հետ նման համաձայնագրեր չէին կնքվել, մենք իրականացնում էինք դա որպես բարի կամքի դրսևորում։ Այս համաձայնագրով մենք հիմք ենք դնում կանոնակարգված ռեադմիսիայի գործընթացներին Հայաստանի և Եվրոպական Միության բոլոր պետությունների միջև»։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ 2011թ-ի հոկտեմբերին Եվրամիության հետ ստորագրվել է Շարժունակության գործընկերության վերաբերյալ հռչակագիրը, որի նպատակն է օրինական և աշխատանքային միգրացիայի ավելի լավ կառավարումը։ «Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությունը շարժունակության, միգրացիայի և մարդկային շփումների ամրապնդման ոլորտներում զգալի առաջընթաց է ապրել վերջին տարիների ընթացքում»,-ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Եզրափակելով խոսքը` Էդվարդ Նալբանդյանը շեշտեց. «Մենք ակնկալում ենք 2012թ. դեկտեմբերին ստորագրված մուտքի արտոնագրի տրամադրման դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի շուտափույթ վավերացումը Եվրոպական Միության կողմից, որը հնարավորություն կստեղծի բանակցություններ սկսել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ»:






