Նոյեմբերի 25-ին Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունում ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը հանդիպել է ԵԱՀԿ-ում Բելգիայի Թագավորության հատուկ ներկայացուցիչ, սենատոր Պյեր Շեւալյեի գլխավորած պատվիրակության հետ: Զրույցի ընթացքում Շեվալյեն նշել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությունները շոշափելի են դառնում առաջիկայում: Նա հետաքրքրվել է ԼՂՀ դիրքորոշմամբ հակամարտության կարգավորման հեռանկարների, այդ համատեքստում նաեւ ԵԱՀԿ-ից ակնկալիքների վերաբերյալ: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հակիրճ ներկայացրել է հակամարտության պատմությունը, պատերազմի պատճառներն ու հետեւանքները, ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը: Ա.Մելիքյանը կարեւորել է Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված էթնիկ զտումների եւ 500 000 հայերի խնդիրը, որոնք փախստականներ դարձան պատերազմի հետեւանքով: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ փախստականները իրավունք ունեն բնակության վայր ընտրելու նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում: Նա ընդգծել է, որ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են պաշտպանելու նրանց իրավունքները, ապահովելու նրանց անվտանգ գոյությունը եւ զարգացման նախադրյալներ ստեծղել ԼՂՀ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Զրույցի ընթացքում ընդգծվել է անմիջական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը եվրոպական կառույցների եւ ԼՂՀ միջեւ: Տվյալ համատեքստում ղարաբաղյան կողմն առաջարկել է ընդլայնել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի մանդատը` ընդգրկելով Լեռնային Ղարաբաղը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:






