AM
27 Նոյեմբեր 2005 - 10:36 AMT

Ռուսաստանի հայերը ակտիվորեն մասնակցում են սահմանադրական հանրաքվեին

«Տեղական ժամանակով մոտ 14:00 (13:00 Մ.ժ) կփակվի Պրիմորյեի (Վլադիվոստոկ) ընտրական տեղամասը, պետք է ասեմ, որ այնտեղ զարմանալի մեծ ակտիվություն է եղել: Մարդիկ ավտոբուսներով եկել են Խաբարովսկից, Նախոդկայից»,-հայտարարել է Արմեն Սմբատյանը` մեկնաբանելով ՀՀ Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեի ընթացքը Ռուսաստանի տարածքում, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը: Նա նաեւ հաղորդել է, որ բավականին ակտիվ քվեարկություն է գնում Ռուսաստանի հարավում` Դոնի Ռոստովում, Սոչիում: «Մեզ համար մի փոքր անհասկանալի է ակտիվության բացակայությունը Տոլյատիում: Դա, հավանաբար, պայմանավորված է, նրանով, որ այսօր աշխատանքային օր է, եւ հավանաբար, շատերը կմասնակցեն քվեարկությանը օրվա վերջում»,-հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը: Նա նշել է նաեւ ընտրողների բարձր ակտիվությունը Մոսկվայում: «Բավականին մեծ քանակությամբ մարդիկ առավոտյան եկան ընտրատեղամասեր, հատկապես շինարարները, որոնք առավոտ վաղ եկան ավտոբուսներով եւ քվեարկեցին»,-հաղորդել է Արմեն Սմբատյանը: Ըստ Ա.Սմբատյանի, ընդհանուր առմամբ, քվեարկությունը Ռուսաստանում ակտիվ է անցնում եւ օրվա վերջում, նրա կարծիքով, կլինի քվեարկածների բավականին մեծ թիվ: