AM
27 Նոյեմբեր 2005 - 13:33 AMT

Հայ ընդդիմադիրը մեղադրում է ԵԽԽՎ-ին երկակի չափանիշներ կիրառելու համար

«Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցությունը նոյեմբերի 28-ին կներկայացնի իր եզրակացությունը ԵԽԽՎ դիտորդների գործունեության մասին Հայաստանում սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Այդ մասին նոյեմբերի 27-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է այդ կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը: Նրա խոսքերով միջազգային կազմակերպությունները երկակի քաղաքականություն են վարում: «Մենք ինքներս ի վիճակի ենք գնահատել ժողովրդավարական իրավիճակը Հայաստանում»,-հայտարարել է ընդդիմադիրը` կոչ անելով միջազգային կազմակերպություններին դադարեցնել գործունեությունը` հիմնված երկակի չափանիշների կիրառման վրա: Գեղամյանը հաստատել է այն փաստը, որ «Ազգային միաբանության» անդամները բոյկոտում են սահմանադրական հանրաքվեն, իսկ նրա ներկայացուցիչները չեն մասնակցում մարզային ընտրական հանձնաժողովների եւ Հայաստանի ԿԸՀ-ի աշխատանքին:

«Մեր կուսակիցները դիտարկում են անցկացնում եւ, նրանց տվյալներով, ընտրողների մասնակցությունը հանրաքվեին կկազմի 8-10 տոկոս: Իսկ ըստ նախագահի վարչակազմի այն պետք է կազմի 45 տոկոս»,-հայտարարել է ընդդիմադիրը: Մինչդեռ, ըստ Հայաստանի ԿԸՀ տվյալների 14:00 դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 26 տոկոս: Հայաստանի ընտրողների թիվը 2 միլիոն 301 հազար 828 մարդ է: Ըստ Գեղամյանի, «իշխանությունները իրենց գործողություններով վնասում են Հայաստանի հեղինակությանը, եւ երկիրը տանում են դեպի կործանում` հաշվի առնելով, որ 2006 թվականին լուծվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը»: «Քոչարյանը շրջապատված է ստախոսներով, եւ դա շատ վտանգավոր է»,-գտնում է «Ազգային միաբանության» ղեկավարը: Նշենք, որ Գեղամյանի կուսակցությունը չի մասնակցում միացյալ ընդդիմության հանրահավաքներին, որոնք անցնում են Երեւանի Ազատության հրապարակում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: