AM
1 Դեկտեմբեր 2005 - 13:56 AMT

ՄԱԿ-ի Գլխավոր կոմիտեն կքննարկի Հարավային Կովկասի տարածքում տեւական հակամարտությունների մասին հարցը

ՄԱԿ-ի Գլխավոր կոմիտեն մոտակա շաբաթվա ընթացքում կքննարկի ՎՈՒԱՄ տարածաշրջանային կազմակերպության անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) առաջարկը` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 60-րդ նստաշրջանի օրակարգում «Սեւծովյան եւ հարավկովկասյան տեւական տարածաշրջանային հակամարտությունների եւ միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար դրանց հետեւանքների» մասին հարցն ընդգրկելու եւ խնդիրը իր բոլոր ասպեկտներով կարգավորելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ռեվազ Ադամիան: Ըստ նրա, այդ հարցը Գլխավոր Վեհաժողովի 60-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին խնդրանքով ՄԱԿ-ում Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի մշտական ներկայացուցիչները նոյեմբերի 22-ին համատեղ նամակով դիմել են Գլխավոր վեհաժողովի նախագահին: ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը պարզաբանել է, որ ըստ կանոնների Գլխավոր կոմիտեն չի քննարկում հարցի էությունը, այլ քննարկում է թե որքանով է օրակարգում ընդգրկելու մասին հայտարարությունը ճիշտ ձեւակերպված: «Այդ պատճառով, դժվար է որեւէ բարդություններ ակնկալել այդ հարցում, թեեւ հասկանալի է, որ որոշ երկրներ դեմ կլինեն այդ հարցի քննարկմանը»,-նշել է Ադամիան:

Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը նամակին հավելված բացատրական գրառման մեջ, ընդգծվում է, որ «տեւական հակամարտությունները Մոլդովայի արեւելյան շրջաններում, Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Լեռնային Ղարաբաղում լուրջ սպառնալիք են միջազգային խաղաղության եւ անվտանգության համար, վտանգ են ստեղծում ՄԱԿ-ի անդամ երեք պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար»: Նշվում է, որ «այդ հակամարտությունները հանգեցրել են նրան, որ այդ պետությունների զգալի տարածքներ վերահսկողությունից դուրս են մնացել, հայտնվել են միլիոնավոր փախստականների եւ բռնի տեղահանվածներ, ինչպես նաեւ հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը»,-հաղորդում է «Թրեդ» գործակալությունը: