AM
5 Դեկտեմբեր 2005 - 10:16 AMT

Է.Մամեդյարովը մտադիր է արծարծել ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի նիստում

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը երկուշաբթի Լյուբլյանայում` ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում մտադիր է արծարծել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում կազմակերպության հետ հանրապետության փոխգործակցության հարցերը: Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա Ռումինիայի արտգործնախարար Միխեյ Ռեզվան Ունգուրյանուի, Կիպրոսի ԱԳ նախարար Գեորգիոս Իակովի, Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշանբոի, ԵԱՀԿ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոի տնօրեն Քրիստիան Շտրոխալի, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսի հետ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին Լյուբլյանայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: ՄԽ համանախագահները նոր հույսեր են կապում բանակցային գործընթացի հետընտրական փուլի հետ: «2006 թվականին ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված երկրներում չեն լինելու խոշոր քաղաքական իրադարձություններ եւ ընտրություններ, եւ մենք պետք է օգտվենք դրանից»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը` ավելացնելով, որ «բանակցային գործընթացը խորացել է ինչպես երբեք եւ հասել է բարձր մակարդակի»: 2006 թվականի հունվարին ակնկալվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: