AM
5 Դեկտեմբեր 2005 - 12:16 AMT

Դ.Ռուպել. Երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ ղարաբաղյան խնդիրը լուծելու հույս է հայտնվել

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելն այսօր, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի բացմանը, հայտարարել է 2005 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ձեռքբերված առաջընթացի մասին: Նրա խոսքերով, գրավյալ տարածքներն այցելած ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը, ինչպես նաեւ բարձր մակարդակի հանդիպումները, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ հույս արթնացրեցին, որ «մենք կկարողանանք գտնել այդ հակամարտության լուծումը»: «Մենք պետք է ձգտենք արտացոլել դա ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ընդունվելիք Հայտարարությունում: Մենք բոլորս կշահենք Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատումից, եւ ես կոչ եմ անում կողմերին աշխատել միասին եւ ԵԱՀԿ միջնորդությամբ` մնացած տարաձայնությունները հարթելու համար», – հայտարարել է Դիմիտրի Ռուպելը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: