Ղարաբաղյան խնդրի առնչությամբ Ուկրաինայի դիրքորոշումը հիմնվում է միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ ու երկկողմ հիմունքով հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վրա: Այդ մասին,«Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, Բաքվում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վլադիմիր Շկիդչենկոն: Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցության վերաբերյալ «Ադրբեջանի գրավյալ տարածքների» համատեքստում, նախարարը նշել է, որ Ուկրաինայի պաշտպանության գերատեսչությունը համագործակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների նմանատիպ գերատեսչությունների հետ, եւ դա չի հանգեցնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ուժերի հաշվեկշռի փոփոխման: Նշենք, որ այսօր Բաքվում Ադրբեջանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները ստորագրել են 2003թ. համագործակցության մասին ծրագիրը: