2006 թվականը «պատուհան է» ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ հիանալի հնարավորություն է ստեղծում նրա կարգավորման համար: Այդ մասին դեկտմբերի 9-ին ադրբեջանական «Խազար» համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը: Ամերիկացի դիվանագետի խոսքերով, Միացյալ Նահանգները հանդես են գալիս արդար երկխոսության միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ երկարատեւ կարգավորման օգտին: «Մենք շահագրգռված ենք հակամարտության կարգավորմամբ եւ նպաստում ենք դրան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-ասել է Ռ.Հարնիշը` նշելով, որ դեկտեմբերի կեսին համանախագահները հերթական այցով կժամանեն Բաքու: Մեկնաբանելով ռազմական գործողությունների վերականգնման հնարավորությունը` դեսպանը նշել է, որ ռազմական դիմակայությունը «մեծ ավերածությունների» կբերի: «Նոր պատերազմը կարող է ապակայունացնել ողջ հարավկովկասյան տարածաշրջանը: Միեւնույն ժամանակ, ռազմական գործողությունների վերսկսումը խաչ կքաշի երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ Ադրբեջանի հույսերի վրա»,-նշել է դեսպանը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:






